Նորից հարազատ Երևանում է։ Իրավունք չունի պարապ րոպե և ժամ ունենալու։ Հարազատներ, մտերիմներ, արվեստակից ընկերներ։ Գալու գլխավոր նպատակը՝ մասնակցել լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հոբելյանական համերգին։ Իր տուրքը երգով տվեց` Առնո Բաբաջանյան, ապա «Հայաստան, երկիր դրախտավայր», նորից, ինչպես 25 տարի առաջ, անուշադերեց, ասես ժամանակ չէր սահել, ապա Սոս Սարգսյանի Նելլի կնոջից վերցրեց իր սիրելի դերասանի գրքերը՝ Վիեննայում կկարդա և...
«Անհերկ, աներգ երկիր չի լինում։ Սքանչելի մի երգչուհի ունենք՝ Հասմիկ Պապյան։ Հայաստանում ծագած, Եվրոպայում բարձրացած աստղը վաղուց մոլորակինն է... Մի զրույցի ժամանակ խոսում էինք պարտքից, պարտականությունից, խոստումից ու խոստովանությունից։ «Չի եղել մի երկիր, ուր եղել եմ, որ հարցրած չլինեն Ղարաբաղի մասին։ Ես Ղարաբաղի մասին այնքան գիտեմ, որքան ամեն մի հայ։ Եթե մեկ էլ հարցնեն՝ որտեղ չեք երգել, պիտի պատասխանեմ՝ ես չեմ երգել միայն Արցախում։ Բայց պիտի երգեմ»։ Արցախը նաև Դրմբոնով է Արցախ»։
Ես ներողություն եմ խնդրում ընթերցողից, որ մեջբերում արեցի 2008-ին տպագրված իմ «Ոսկեմատյան Դրմբոն» գրքից։ Սիրտդ, հոգիդ և երգդ որ ավելի զուլալվեն, պիտի քայլես Արցախի հողով, խոնարհվես, աղբյուրներից ջուր խմես, նայես հնություններին ու ձեռքդ տանես սրտիդ՝ իմ հայրենիքը սա է, Լեոնիդ Ազգալդյանի ասած՝ «Սա Հայաստան է ու վերջ»։ Հանրահայտ Գագիկ Գինոսյանն իր ականջով լսածը, իր աչքով տեսածը կարող է ասել. «Մի անգամ Ղարաբաղում արտասահմանցի մի լրագրող հարցրեց Լեոնիդ Ազգալդյանին. «Ի՞նչ գույնի եք դուք»։ Այսինքն, ո՞ր կուսակցությանն եք պատկանում։ Ծնկաչոք Լեոնիդը մի բուռ վերցրեց ու ասաց.- Ահա իմ գույնը...»։
Մի բուռ հող, ու փորձենք տեսնել նժդեհական հայի կերպարը։ Մեր հողը գույն է առել մեր տառապանքից, մեր պատմությունից, մեր պայքարից, մեր հավատից, մեր արյունից։ Բնածին գաղափարաբան Լեոնիդից շատ բան են սովորել ոչ միայն զինվորները, մահապարտները, այլև բոլոր նրանք, ովքեր ցանկանում են և ընդունակ են բան սովորելու։ ՈՒ Հասմիկ Պապյանը նույնպես իր զրույցներն ունի բոլոր նրանց հետ, ովքեր զոհվեցին, ովքեր վիրավոր, հաշմված վերադարձան։ «Հաղթում է ուժեղը, և ոչ արդարը։ Վա՜յ թույլերին։ ՈՒժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը, ամեն ինչ»։ Ի՞նչ է պահանջում հայրենիքն իր զավակներից։ Հայաստան-հայրենիքը, Արցախ-հայրենիքն իր զավակներից պահանջում է... Չէ՛, չի՛ պահանջում։ Հայրենիքը սպասում է։ Հայրենիքը հավատում է, որ իր զավակը սիրի իր հողը։ Քար կլինի, անապատ կլինի, ավերակ կլինի, ի՞նչ կլինի, թող ամեն ինչի մեջ հող տեսնի ու որպես հող տեսնի ու որպես հող սիրի։ Ամեն ինչ հող է եղել։ Ամեն ինչ հող է դառնալու։ Քարը պիտի ծաղկի, անապատը պիտի այգեստան դառնա։ Հայրենիքը միայն կանաչ-կարմրությունը չէ։
Հասմիկ Պապյանը, ում ճանաչում եմ ծնված օրից, Հասմիկ Պապյանը, ում ճանաչում եմ առաջին իսկ մեղեդիներից, առաջին իսկ նվագներից, առաջին իսկ երգերից, հավատացել եմ նրա ապագային, այսօր փնտրված անուն է աշխարհում։ Նրա մասին աշխարհն է խոսում։ Աշխարհի մեծերի հետ է բեմ բարձրացել, երգել։ Եվ աշխարհի մեծերն են ներկա եղել նրա համերգներին ու ծափահարել։ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերն է ներկա եղել, ունկնդրել է ու... ծափահարել։ Նա համերգների իր քարտեզն ունի։ Ոչ միայն խիտ է, այլև զարմանալի, երանելի, սիրելի։ Իսկ նա՝ Հասմիկը, իմ սիրելի, պաշտելի Հասմիկը, թեթև շունչ է քաշում կամ շունչը տեղն է գալիս, երբ հիշում է այն օրը, երբ առաջին անգամ եղավ Արցախում: Ամուսինը՝ Կոնրադը, զտարյուն գերմանացին, որ հրաշալի գիտի մեր լեզուն ու ճարտարապետությունը, որ կարողացել է Չարենց զգալ ու թարգմանել, «Ես իմ անուշ...» հրաշալի գիրք հրատարակել ի՛ր Գերմանիայում ու զարմացնել, հաճախ էր հորդորում Հասմիկին՝ առիթի դեպքում անպայման լինել Արցախում, առաջինը լինել Շուշիում, Գանձասարում։ Մեծ բեմերը նվաճողը մտածեց Արցախ գնալու և այնտեղ երգելու մասին։ Երևանից խոսեց Վիեննա, որտեղ բնակվում է ընտանիքով, ամուսնուն ասաց՝ «Կատարում եմ նաև քո ցանկությունը՝ գնում եմ Արցախ»։ «Գնա, բարևիր Արցախին, գնաս բարով, բայց առանց Սիրանույշի չգնաս»։ Ես էլ զարմացա, աչքերիս դեմ փռվեց Արցախը։ Սիրանույշը թող այս տարիքում տեսնի Արցախը, որ ամբողջ կյանքում հիշի, կարոտի ու ծնողներին ասի՝ ուզում եմ գնալ Երևան, Երևանից էլ Արցախ... Եվ համաշխարհային փառքի տեր երգչուհին իր Սիրանույշ աղջկա հետ մեկնեց Արցախ։ Վաղուց ոչ մի երկիր չի զարմացնում Հասմիկին։ Աշխարհն իրեն է վայելել, ինքը՝ աշխարհը։ Բայց Արցախը գերեց, կախարդեց։ Հանդես եկավ Արցախի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ ՈՒ տասնամյա Սիրանույշը Վիեննայում հաճախ էր տալիս Արցախ հրաշք անունը։ Պատմում էր այնպես, որ թվում էր, թե երազ է տեսել ու երազն է պատմում։ Ամիսներ հետո, ինչպես ասում են, հարկ եղավ, որ անսպասելիորեն մեկնի Երևան։ Սիրանույշին հարցրեց՝ կընկերանա՞ս մայրիկին։ Պատասխանը չուշացավ՝ այո՛, եթե թեկուզ մեկ օրով գնանք Արցախ։ Եվ նորից՝ Արցախ։ Առավոտ ծեգին շարժվեցին, ուշ գիշերով եկան ու... թռան Վիեննա։
Օրերս կրկին Երևանում էր Հասմիկ Պապյանը։ Ամեն ինչ նկատող, տեսնող, փոքր բանից անգամ ուրախացողը, միայն իր աչքին տեսանելի ոչ տեսնելու բաները կարող են նրան հուզել, անգամ հունից հանել ամեն տեղ ծխում են՝ տղա-աղջիկ համատարած։ Մեծ տղաս թեման փոխեց՝ նայեցի՞ր մերոնց ու Պորտուգալիայի խաղը։ Դժգոհ էր։ Ոչ միայն խաղից, այլև խաղից առաջ։ Խաղից առաջ ի՞նչ է լինում։ Հասմիկի կարծիքով՝ խաղը սկսվում է ոչ թե դատավորի սուլոցից հետո, այլ երկու թիմերի դաշտ մտնելուց, ավելի ճիշտ՝ երկու երկրների հիմները կատարել-լսելուց հետո։ Մերոնցից քանիսի՞ բերանն է բացվում-փակվում։ Նկատե՞լ եք։ Մեկի՞, երկուսի՞... Խաղը սկսվում է քո ազգային հիմնի երաժշտությամբ։ Դժվա՞ր է երկու տող, չէ, քո Հիմնի տողերը սովորել, հիմնը զգալ, երաժշտությունը լսել։
-Մյուս անգամ,- ասաց սիրելի Հասմիկը,- լինելու եմ նաև Մարտակերտում, լինելու եմ ձեր սիրած Դրմբոնում։
-Նախադասությունը շարունակիր... և երգելու եմ Դրմբոնում։
Ժպտում է... Էնպես անուշ ու խաղաղ է ժպտում, որ թվում է՝ ամռան գիշեր է, ու ես Մարտակերտում եմ, Դրմբոնում, բարձրանում եմ Հաթերք, լսում եմ մոլորակի կապո՜ւյտ-կապույտ շնչառությունը։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ